Հետևեք մեզ։

Մոռացեք պատժամիջոցների մասին, եկեք երկխոսենք․ Իրանի ԱԳ նախարարը դիմում է Եվրոպային

11:52, 11 նոյեմբեր 2024
Մոռացեք պատժամիջոցների մասին, եկեք երկխոսենք․ Իրանի ԱԳ նախարարը դիմում է Եվրոպային

Թեհրանը պատրաստ է երկխոսության Եվրոպայի հետ, և եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին գերմանական Der Spiegel ամսագրի թղթակցին տված հարցազրույցում։


«Ես պատրաստ եմ եվրոպացիների հետ երկխոսության Ռուսաստանի հետ մեր համագործակցության վերաբերյալ: Եկեք երկխոսության գնանք և հետևում թողնենք պատժամիջոցները: Պատժամիջոցները միայն խորացնում են խնդիրները: Դրանք երբեք չեն օգնել լուծել խնդիրը, համենայն դեպս՝ ոչ Իրանի հետ: Իմ հայտարարությունն է՝ մոռացեք պատժամիջոցների մասին, նրանք նախկինում չէին գործում, չեն գործում հիմա և չեն գործի ապագայում»,- ասել է նա։


2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018 թվականի մայիսին դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակների սահմանափակումներից: