Հետևեք մեզ։

Այլևս գաղութ չդառնալու գրավականը կայսերական հավակնություններ ունեցող նախկին գաղութատիրոջ նկատմամբ «քաղաքակրթական» բռունցքների անիմաստ թափահարումը դադարեցնելն է․ ՔՊ-ական պատգամավոր

14:24, 11 նոյեմբեր 2024
Այլևս գաղութ չդառնալու գրավականը կայսերական հավակնություններ ունեցող նախկին գաղութատիրոջ նկատմամբ «քաղաքակրթական» բռունցքների անիմաստ թափահարումը դադարեցնելն է․ ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովը կքննարկի «Եվրաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը և կկայացնի որոշում։ Ես արդեն երկու անգամ անդրադարձել եմ նախաձեռնության հեղինակների խոսույթի որոշ մասերին, և իմ այս հրապարակման քննարկման առարկան կրկին խոսույթն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։


««Եվրոպան հայ ժողովրդի, ինչպես որ շատ առաջադեմ ժողովուրդների քաղաքակրթական հանգրվանն է։» Ահա այսպիսի դատողությամբ է պսակված «Եվրաքվե» նախաձեռնության վերջին հայտարարությունը։


Ժողովուրդներին «առաջադեմների» և հետևաբար նաև «ոչ առաջադեմների» բաժանելը մեղմ ասած խնդրահարույց է։ Առաջադեմ կարող է լինել ինչ-որ կոնկրետ քաղաքական հայացք կամ քաղաքական ուժ։ Օրինակ ժողովուրդներին «առաջադեմների» և «ոչ առաջադեմների» բաժանելը առաջադեմ չէ։


Եթե մի կողմ դնենք առաջադիմության հարցը, այնուամենայնիվ արժե նաև քննարկել, թե վերջիվերջո ինչպես է այսօր Եվրոպան քաղաքակրթորեն ընկալում ինքն իրեն և ինչպես կարող է արտահայտվել Հայաստանի համար այսօր քաղաքակրթորեն մոտ լինելը Եվրոպային։


Եվրոպայի քաղաքակրթական ինքնաընկալումը սահմանող թեմաներից մեկը (իհարկե ոչ միակը) այսօր եվրոպական կայսրությունների և դրանց տրոհումից առաջացած ազգային պետությունների ժառանգության շուրջ բանավեճն է։ Եվրոպայի ձախերը կարծում են, որ Եվրոպան անշուշտ պատասխանատվություն է կրում աշխարհի տարբեր մասերում իր պատմական հետքի համար։ Եվրոպայի աջերը կարծում են, որ այսօր և հիմա ամեն մեկը պատասխանատվություն է կրում ինքն իր համար։ Սա Եվրոպայի և իր նախկին գաղութների՝ այժմ անկախ պետությունների մասին քննարկումն է։


Մենք իհարկե կարող ենք «կողքից» դիրքորոշում ունենալ, թե արդյոք եվրոպական կայսրությունների տրոհումից առաջացած ազգային պետությունների ժողովուրդները պատասխանատու են իրենց գաղութարար կամ ազատարար (նայած քաղաքական դիրքորոշման) նախնիների գործերի համար։ Սակայն մի բան հստակ է․ մենք հեղինակ չենք եղել այլ ժողովուրդների նկատմամբ ո՛չ ազատարարության և ո՛չ էլ գաղութարարության։ Մենք ինքներս գաղութ ենք եղել։ Եւ մենք գաղութ ենք եղել բոլորվին այլ կայսրությունների՝ Պարսկական, Օսմանյան, Ռուսական։


«Եվրոպական տիպի» բայց նաև պարզապես մեզ համար առողջ քննարկում ունենալու համար մենք պիտի քննարկենք, թե ինչ անենք, որ այլևս չդառնանք գաղութ։ Այլևս գաղութ չդառնալու գրավականներից մեկն էլ դադարեցնելն է հերքել կամ «մաքրել» գաղութային անցյալի քաղաքակրթական հետքը։ Այլևս գաղութ չդառնալու մեկ այլ գրավական էլ կայսերական հավակնություններ ունեցող (և նաև չունեցող) նախկին գաղութատիրոջ նկատմամբ «քաղաքակրթական» բռունցքների անիմաստ թափահարումը դադարեցնելն է։


Եվրոպայի հետ քաղաքակրթական մեր ընդհանրությունները չեն կարող սկսվել ու ավարտվել Հայաստանի կողմից Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու մասին դատողությամբ և կամ հայերենի հնդեվրոպական լեզվընտանիքի ճյուղ լինելու փաստարկներով։ Քաղաքակրթությունները բացի ձևավորվելուց նաև փոխվում են, և պետք է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես կարող է արտահայտվել քաղաքակրթորեն մոտ լինելը Եվրոպային այսօ՛ր, այլ ոչ թե Հին Հռոմի ժամանակ։