Ադրբեջանական կողմը կրկին քննարկման դաշտ է բերել Տիգրանաշենի հարցը։ Տեղական հանրային հեռուստաընկերությունը՝ Ictimai TV-ի հերթական ռեպորտաժը հենց այս մասին է։
Հեռուստամեկնաբանը նշում է, որ «Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձներ 8 գյուղերը, սակայն այս պահին հանձնել է 4 գյուղ»։ Ինչպես ինքն է նշում՝ «Ղազախի շրջանի 3 գյուղերը» և Հայաստան-Նախիջևան պայմանական սահմանին Տիգրանաշեն գյուղը, որը իրենք կոչում են Քյարքի, «պետք է վերադարձվեն»։
Ռեպորտաժում նշվում է, որ 3+1 գյուղերի վերադարձի հարցը քննարկման փուլում է։
Ռեպորտաժում ադրբեջանցի Էլշադ Մամադով անունով անձը նշում է, թե «Տիգրանաշենը ադրբեջանական է, իսկական անունը Քյարքի, Սովետաշենը ևս ադրբեջանական է, անունը՝ Չանախչի, Լուսաշողը և այլ գյուղեր ունեն ադրբեջանական անուններ»։
Նշվում է նաև, որ Տիգրանաշենի հարցը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի օրակարգում է, սակայն թե որ հատվածը հաջորդիվ կսահմանազատվի, դեռ հայտնի չէ։
Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ հեռուստաընկերությունում ռեպորտաժները պատահականորեն չեն պատրաստվում, Ադրբեջանում COP29-ի մեկնարկին զուգահեռ թեման օրակարգ բերելը կարելի է դիտարկել պաշտոնական Բաքվի նախաձեռնություն։