Պարենային ապրանքների գների համաշխարհային հենանիշերը հոկտեմբերին վերջին 18 ամիսների բարձրակետին են հասել, որտեղ ամենամեծը բուսական յուղերի կտրուկ վերելքն է։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում 127.4 միավոր է կազմել, որը 2.0 տոկոսով բարձր է սեպտեմբերի և 5.5 տոկոսով բարձր՝ նախորդ տարվա ցուցանիշներից։ Այսուհանդերձ, ինդեքսը շարունակում է 20.5 տոկոսով ցածր մնալ 2022 թվականի մարտին գրանցված բարձրակետից։
«ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հոկտեմբերին 7.3 տոկոսով շեշտակի աճ է գրանցել՝ հասնելով երկու տարվա ամենաբարձր կետին, որը պայմանավորված է արմավի, սոյայի, արևածաղկի և ռափսի յուղերի գնանշումների աճով, ինչի հիմքում գլխավորապես արտադրությանն առնչվող մտահոգություններն են։
ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը հոկտեմբեր ամսին բարձրացել է 0.9 տոկոսով, որտեղ առաջատարները ցորենը և եգիպտացորենն են՝ արտահանման հարաճուն գներով։ Ցորենի համաշխարհային գների վրա իրենց ազդեցությունն են ունեցել հյուսիսային կիսագնդի հիմնական արտահանող երկրներում տիրող անբարենպաստ եղանակային պայմանները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նվազագույն գնի ոչ պաշտոնական վերասահմանումն ու սևծովյան տարածաշրջանում լարվածության աճը։ Բարձրացել են նաև եգիպտացորենի համաշխարհային գները, որոնց մասամբ վեր են մղել Բրազիլիայում գետերի մակարդակի իջեցման հետևանքով երկրում ներքին պահանջարկի մեծացումը և տրանսպորտային դժվարությունները։ Ի հակադրություն սրան, ՊԳԿ բոլոր բրնձատեսակների գնային ինդեքսը 5.6 տոկոսով նվազել է հոկտեմբերին՝ պայմանավորված «ինդիկա» տեսակի բրնձի գնիջեցմամբ, որը կապված է Հնդկաստանում չկոտրված բրնձի արտահանման սահմանափակումների վերացումից հետո արտահանողների միջև մրցակցության թեժացման հետ։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը 2.6 տոկոս աճ է արձանագրել 2024-2025 թվականների արտադրական հեռանկարների շուրջ ավելացող մտահոգությունների պատճառով, որը կապված է Բրազիլիայում տևական չորային եղանակների հետ։ Անմշակ նավթի միջազգային գների բարձրացումը նույնպես նպաստել է շաքարի գնանշումների աճին, քանի որ շաքարեղեգի ավելի մեծ քանակներ են ուղղվել էթանոլի արտադրությանը, թեպետ բրազիլական ռեալի թուլացումը ԱՄՆ դոլարի նկատմամբ ինչ-որ չափով սահմանափակել է այդ աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը 1.9 տոկոսով բարձրացել է հոկտեմբերին՝ 21.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արժեքը։ Այս բարձրացումը հիմնականում բացատրվում է պանրի և կարագի միջազգային բարձր գներով, չնայած նրան, որ կաթի փոշու գինը նվազել է։
Աճի ընդհանուր միտմանը հակառակ, ՊԳԿ մսի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ նվազել է 0.3 տոկոսով՝ հիմնականում խոզի մսի գների անկման պատճառով, որը հետևանք է սպանդի ծավալների մեծացման՝ չնայած Արևմտյան Եվրոպայում ներքին ու արտաքին ցածր պահանջարկին։ Թռչնամսի համաշխարհային գները որոշ չափով նվազել են հոկտեմբերին, մինչդեռ ոչխարի մսի գները կայունություն են պահպանել։ Սրան հակառակ, չափավոր աճ են գրանցել տավարի մսի գները՝ միջազգային ձեռքբերումների ծավալների մեծացման համատեքստում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։