Հետևեք մեզ։

Ստեղծել պաղեստինյան պետություն՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ

20:17, 11 նոյեմբեր 2024
Ստեղծել պաղեստինյան պետություն՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ

Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բացվել է 50 երկրի ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի համատեղ արտահերթ գագաթնաժողովը՝ Գազայի հատվածում և Լիբանանում իրավիճակի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակելու նպատակով, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։

 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը գագաթնաժողովի բացման ժամանակ հաստատել է, որ աջակցում են պաղեստինցիներին և լիբանանցիներին, Լիբանանի ինքնիշխանությանը, պնդել է, որ վերջ տրվի պաղեստինյան տարածքների անօրինական օկուպացիային, դատապարտել է Իսրայելի ռազմական գործողություններն այդ երկրի դեմ և վերջին հարձակումն Իրանի տարածքի վրա։

 

Նա կրկնել է Սաուդյան Արաբիայի երկարամյա դիրքորոշումը Պաղեստինի հարցում՝ ստեղծել պաղեստինյան պետություն՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով։ Նա նաև կոչ է արել արաբական և իսլամական երկրներին շարունակել համատեղ ջանքերը՝ այս նպատակին հասնելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։

Միաժամանակ Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը այս պահին իրատեսական չի համարել Պաղեստին պետության ստեղծումը: Նախարարի խոսքով՝ այդ դեպքում պաղեստինյան պետությունը կդառնա ՀԱՄԱՍ խմբավորման պետություն: