Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ էր ընդունել, որով պահանջում էր Շվեյցարիայի իշխանություններից կազմակերպել արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով։ Դրանով շվեյցարացի խորհրդարանականները շարժել են պաշտոնական Բաքվի զայրույթը։ այս մասին հայտնում է 168.am-ը։
Հոկտեմբերի վերջին այդ նույն հանձաժողովի բոլոր անդամները անհատական նամակ են ստացել Ադրբեջանից, որով պատգամավոր Ռիզվան Նաբիևը պահանջում էր հանձնաժողովից հետ վերցնել հաստատված միջնորդությունը: Նաբիևն իր հայրենի երկրում «ադրբեջանա-շվեյցարական խորհրդարանական խմբի» նախագահն է։ «Ներկայացված միջնորդությունը սպառնում է խարխլել խաղաղ գործընթացը և անդառնալի վնաս հասցնել երկկողմ երկխոսությանը»,- գրում է Նաբիևը։
«Այս համատեքստում ես շտապ խնդրում եմ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հետ կանչել այս միջնորդությունը»։ Շվեյցարացի խորհրդարանական Էրիխ Ֆոնտոբելը, ով աղմուկ բարձրացրած բանաձեւի հեղինակն է, թույլ չի տալիս իրեն վախեցնել եւ համոզված է, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ակնհայտորեն Ադրբեջանի ցավոտ տեղին է հարվածել։
«Շվեյցարիայի խորհրդարանը նման նախաձեռնությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն ունի՝ առանց արտաքին ճնշման ազդեցության: Ես պաշտպանում եմ Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու իրավունքը և ապավինում եմ իրական խաղաղ գործընթացին։ Անհապաղ կազմակերպված խաղաղության համաժողովը վճռորոշ կլինի տարածաշրջանում կայունություն խթանելու գործում»,- ասել է Ֆոնտոբելը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։