Կուբայի արևելքում կիրակի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Իշխանությունները հայտնում են շենքերին և ենթակառուցվածքներին հասցված վնասների մասին. հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 14 կմ խորության վրա՝ Կուբայի հարավ-արևելյան ափին՝ Բարտոլոմե Մասո մունիցիպալիտետի մոտ։
Երկրաշարժին հաջորդել է 300 հետցնցում, որոնցից 15-ը զգալի են եղել։ Իշխանությունները որոշ շրջանների բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել բաց տարածքներում մնալ։
«Սողանքներ են գրանցվել, տներ և էլեկտրահաղորդման գծեր են վնասվել։ Սկսել ենք գնահատել կորուստները։ Առաջին և ամենակարևոր գործը կյանքեր փրկելն է»,- գրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը X սոցցանցում։
Կուբացի սեյսմոլոգների գնահատմամբ՝ չնայած զգալի մագնիտուդին, ցունամիի առաջացման վտանգ չկա։