Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա և ընդամենը ուզում եք նրանց առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի, դուք հիմա դա եք անում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Այստեղ ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ՀՀ դիրքորոշումը հստակ չէ գերիների առումով։ Ի՞նչը հստակ չէ։ Այստեղ մեկը կասկածում է, որ ՀՀ կառավարությունը չի ուզո՞ւմ գերիները վերադառնան։ Մեր բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց հայտարարություններում նշում են գերիների և պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը։ Երբ ԵԽԽՎ բանաձևում ընդգրկվեց ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի մասին կետ, դա իմ լռությա՞ն, թե՞ չլռության համար ընդգրկվեց»,- ասաց Ռուբինյանը։
Նա նշեց, որ 2020 թվականից հետո տարբեր փուլերով գերիներ են վերադարձել ՀՀ, սակայն դրանից առաջ ԱԺ-ն հանդես չի եկել հայտարարությամբ։
«Էլ թեմա չի մնացել, որոշել եք կապիտալիզացնել գերիների հարցը քաղաքական նպատակներով և այս լսումը հրապարակել եք։ Իսկ իրականում գերիների և պահվող անձանց վերադարձը կախված է ոչ թե այս նիստից, այլ ՀՀ դիվանագիտական աշխատանքից»,- ասաց նա։