Հետևեք մեզ։

Ստոկհոլմում Միրզոյանը  ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ

18:16, 12 նոյեմբեր 2024
Ստոկհոլմում Միրզոյանը  ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ

ՀՀ ԱԳ նախարարի և Շվեդիայի խորհրդարանի նախագահի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկում՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։

 

«Ուրախ եմ վերադառնալ Ստոկհոլմ և շարունակել մեր քննարկումները Հայաստան-Շվեդիա քաղաքական օրակարգի ընդլայնման, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ մեր երկխոսությունը, ինչպես նաև տեսնել համատեղ մշակված ծրագրերի արդյունքներն ու նախանշել նոր հեռանկարներ,» - հանդիպման մեկնարկին ընդգծել է նախարար Միրզոյանը։ Այս համատեքստում կարևորվել են նաև միջխորհրդարանական ակտիվ շփումները, այդ թվում՝ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով։ 

 

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այս գործընթացում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների և ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու փոխադարձ հետաքրքրության վրա։

 

Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարար Միրզոյանը  ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է ՀՀ Կառավարության կողմից մշակված  «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը՝ որպես տնտեսական զարգացման, հետևաբար նաև կայունության ապահովման գրավական։

 

Անդրադառնալով տարատեսակ մարտահրավերների հաղթահարման նպատակով ՀՀ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ժողովրդավարական արժեքներին ամուր հավատարմությունը, համապատասխան ինստիտուտների շարունակական ամրապնդման ուղղությամբ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։