Հետևեք մեզ։

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

18:26, 12 նոյեմբեր 2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Նոյեմբերի 11-ին Բուդապեշտում տեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները:

 

Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հունգարականը՝ Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության պետական քարտուղար Պետեր Ստարայը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

 

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ, մասնավորապես, Հունգարիայի գործընկերների հետ համագործակցության հարցերի։

 

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին, ինչպես նաև վերստին ներկայացել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: