Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեկտեմբերի 11-ին գրավոր հարցում կուղարկի Բունդեսթագ՝ խնդրելով բարձրացնել իրեն այդ պաշտոնում վստահելու հարցը։
Եթե նման քայլին աջակցի նաև երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ապա դեկտեմբերի 16-ին կարող է տեղի ունենալ համապատասխան բանավեճ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուտցենիխը։
«Շատ կարևոր է նախագահի դիրքորոշումը, քանի որ նա է ի վերջո որոշում կայացնում Գերմանիայի Բունդեսթագի լուծարման մասին։ Դաշնային կանցլերը դեկտեմբերի 11-ին գրավոր կբարձրացնի իր վստահության հարցը, և Գերմանիայի Բունդեսթագը կքննարկի հարցը»,- ասել է Մյուտցենիխը։
Խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել փետրվարի 23-ից ոչ ուշ։ Սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավարը պարզաբանել է, որ այս որոշումը Շտայնմայերի հետ կհամաձայնեցվի այսօր երեկոյան՝ ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ կոնֆիդենցիալ բանակցությունների շրջանակում։ Քանի որ Շտայնմայերը նախկինում կոչ էր անում փոխզիջումային լուծում գտնել, նրա կողմից համաձայնությունը կլինի պաշտոնական դիրքորոշում: