Հետևեք մեզ։

Դուք այնպիսի վերացական հարց եք տալիս՝ Տեղ գյուղից այն կողմ, այն կողմը ո՞րն է․ Կադաստրի կոմիտեի նախագահ

11:10, 06 մայիս 2023
Դուք այնպիսի վերացական հարց եք տալիս՝ Տեղ գյուղից այն կողմ, այն կողմը ո՞րն է․ Կադաստրի կոմիտեի նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են նաև ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալները, վերջին անգամ ադրբեջանական կողմի հետ աշխատանքային հանդիպում ունեցել է 2022 թ նոյեմբերի 3-ին Բրյուսելում։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, սակայն, չէր հիշում, թե երբ են իր տեղակալները այս հանձնաժողովի կազմում վերջին  հանդիպումն ունեցել և դժվարացավ ասել, թե ինչ նորություն կա երկու երկրներում ձևավորված այս հանձնաժողովների համատեղ աշխատանքից։ Նա նաև դժվարացավ ասել, թե հաջորդ հանդիպումը երբ է լինելու։

Հիշեցնենք՝ հանձնաժողովի կազմը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Աշխատանքային խումբն աշխատում է, աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ կոնկրետ լիազորություն չունեմ մեկնաբանություններ տալու, կարող եմ միայն ասել, որ այն ֆունկցիայի համար, որ ստեղծված է հանձնաժողովը, այդ ֆունցկիայով իր գործողությունը կատարում է։ Իսկ մեր մասով՝ գոյություն ունի սահմանի մասին օրենք, էդ մասով ինչ մեզ է վերաբերում, մենք մեր ֆունցկիան կատարում ենք։»,-ասաց Սուրեն Թովմասյանը։

 

-Պարոն Թովմասյան, շատ է խոսվում 2010 թ ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի մասին, դրանով իսկապե՞ս Տեղ գյուղից այնկողմ Ադրբեջան է։

 

-Հիմա Դուք այնպիսի վերացական հարց եք տալիս՝ Տեղ գյուղից այն կողմ, այն կողմը ո՞րն է։ Կա վարչական սահմանների նկարագիր, ճի՞շտ է, որ վերցնեք կարդաք, կհասկանաք՝ ինչ է։

 

-Այդ վարչական սահմանների նկարագրով մեր պետական սահմանը որտեղի՞ց է սկսվում և ավարտվում։

 

-Այսինքն՝ դա ֆիզիկական պետք է ասեմ՝ էստեղից սկսվում է, էստեղ ավարտվո՞ւմ  է մեր սահմանը։ Դուք հիմա հարցը տալիս եք Կադաստրի կոմիտեի ղեկավարին և մասնագետին, այսինքն՝ քարտեզի մասին եք խոսում։ Քարտեզն ունի կոորդինատային համակարգ, ունի սկիզբ, ունի վերջ։

 

-Ես ենթադրում եմ, որ մեր ունեցած քարտեզով պետք է հստակեցված լինեն, չէ՞, մեր սահմանները։

 

-Ո՞ր քարտեզով։

 

-Այն քարտեզը, որը դուք ունեք։

 

-Մենք ունենք կադաստրային քարտեզ։ Կադաստրային քարտեզն ի՞նչ է իրենից ներկայացնում։

 

-Հիմա, երբ թշնամին մտնում է մեր սուվերեն տարածք ու դուրս չի գալիս, դրանով ձեր այդ ունեցած քարտեզի սահմանները խախտո՞ւմ է, թե՞ ոչ։

 

-Դուք հարցը տալիս եք Կադաստրի կոմիտեի ղեկավարին, չէ՞։ Ես ընդհանրապես տեղեկատվության՝ թղթային, էլեկտրոնային, չեմ տիրապետում մեր զորքերի կամ որևէ այլ զորքի տեղակայման վայրի մասին, ու պետք էլ չի, որ մենք տիրապետենք դա, որովհետև դա առանձին ընթացակարգ է՝ իր առանձին անվտանգային հարցերով։

 

-Բայց պաշտոնապես հայտարարվել է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե քանի կմ խորությամբ ու երկարությամբ է ադրբեջանական զինուժը առաջացել մեր երկրի սուվերեն տարածքում։

 

-Ուրեմն, համապատասխան մարմինները պաշտոնական տեղեկատվություն են տվել չէ՞։ Պարոն վարչապետի ասած յուրաքանչյուր խոսքի տակ դրված է համապատասխան տեղեկատվություն, համապատասխան հիմքեր, որի վերաբերյալ վերլուծության կամ տեղեկատվություն ես չեմ կարող Ձեզ հաղորդել։

 

-Հիմա վարչապետի ասածով՝ Ձեր ունեցած քարտեզներով մեր սահմանները խախտվե՞լ են, թե՞ ոչ։

 

-Մեր ունեցածը կադաստրային քարտեզն է։ Եթե պարոն վարչապետը հայտարարում է, որ այսպիսի հանգամանք գոյություն ունի, ուրեմն այդպիսի հանգամանք գոյություն ունի։ Ես դրանից ավել որևէ մեկնաբանություն տալու լիազորություն չունեմ։

 

-Իսկ հանձնոժողովի հաջորդ հանդիպումը ե՞րբ է լինելու, տեղյա՞կ եք։

 

-Չգիտեմ, տեղյակ չեմ, անգիր չեմ հիշում՝ կա՞, թե՞ չկա հանդիպում։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական