Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ես կարծում եմ՝ պիտի որոշակի լյուստրացիայի ենթարկենք՝ այս հանգամանքից ելնելով, մեր շրջապատին, ու առաջին հերթին նաև դիմել եմ ՀՀ վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանին քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել, բայց պիտի մենք բարոյական հենքի վրա ինքներս մեզ հետ առերեսվենք, ու այս՝ ինձ համար բավականին վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»:
ՊՆ նախարարը նշեց, որ նոր չէ այս երևույթը. «Չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»: