Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ փոխանակումները կատարվում են արտգործնախարարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Հաջիզադեն նշել է, որ խաղաղության համաձայնագրի շրջանակներում գործերը բավականին առաջ են գնացել։
«Կարելի է ասել, որ բազմաթիվ դրույթներ են համաձայնեցվել։ Ներկայումս աշխատանքներ են տարվում որոշ դրույթների համաձայնեցման ուղղությամբ: Սակայն կոռեկտ չի լինի որեւէ գնահատական կամ մեկնաբանություն տալ, թե երբ կստորագրվի համաձայնագիրը։ Դա գործընթաց է։ Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական խաղաղության հաստատման համար կարևոր է Հայաստանի Սահմանադրությամբ վերացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները» ,- ասել է Հաջիզադեն։