Հետևեք մեզ։

Հայաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն․ Նիկոլ Փաշինյան

18:18, 13 նոյեմբեր 2024
Հայաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը գոհունակություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից՝ նշելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չեն ունեցել։

 

«Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից և իմ կարծիքով, որ միտք է հնչել. Հայաստանը և Ադրբեջանը ունեն ոչ միայն խաղաղ համակեցության և խաղաղ գոյության համար խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, այն նաև, իմ կարծիքով, ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություն պատրաստվում կողք կողքի ապրելու, որովհետև,կարծում եմ, որ սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է»,- ընդգծեց Փաշինյանը։

 

Վարչապետը նաև ասաց, որ ինքը որոշակի պատկերացումներ ունի այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։

 

«Մեծ հաշվով կարող եմ ասել, որ մենք ունենք պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։ Ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը  հենվում է «Իրական Հայաստան»-ի հայեցակարգի վրա։ Եվ այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում՝ չնայած այդ խոսակցությունը պետք է քաղաքական դրսևորումներ ունենա»,- եզրափակեց Փաշինյանը։