Ամեն երկրի ԱԳ նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, շահերից, պատկերացումներից: Ըստ ամենայնի՝ իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է ՌԴ տեսլականը,-. այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե վաղաժամ խաղաղությունը, առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրականության համապարփակ դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը՝ կստեղծի պոտենցիալ էսկալացիայի ռիսկեր։
«Ես կարող եմ ներկայացնել ՀՀ տեսլականը, որը տրամագծորեն տարբերվում է Ձեր նշած տեսլականից: Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ բոլոր ուղղություններով, և հարաբերությունների կարգավորմամբ. դա կլինի սահմանազատում, երկաթուղու կամ մյուս ենթակառուցածքների ապաշրջափակում մեզ հայտնի սկզբունքներով, դա կլինի խաղաղության պայմանագիր»,- ասաց նախարարը և հավելեց՝ հայկական կողմն աշխատում է ադրբեջանական կողմի հետ պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված ձևակերպումների, հոդվածների վրա, ապա նաև նշեց՝ իր տպավորությունն այն է, որ մոտ են վերջնական լուծմանը և պայմանագրի վերջնական համաձայնեցմանը: