Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող պնդումների մասին հարցին:
Ի պատասխան պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցի՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստարկի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում ՀՀ Անկախության Հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին: ՀՀ Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որևէ հոդված Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի որևէ հիշատակում չի պարունակում: Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների, հստակ աստիճանակարգային տարբերություն։ Այսինքն, եթե Անկախության Հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա՝ Սահմանադրությունն ընդունվել է Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից:
Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին: Հռչակագիրն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով. նախ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ Խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Խորհրդարանում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեև 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), Հայաստանի Հանրապետությունը, մեծ հավանականությամբ, կնախաձեռնի Սահմանադրական փոփոխություններ: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ»: