Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:
«Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է: Պաշտպանության նախարարությունը հանրապետության առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում: Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող խավի ներկայացուցիչներ են իրենց ծառայության մեջ: Բայց մյուս կողմից, երբ ՊՆ-ն մեր երկրի 10 խոշորագույն հարկատուներից մեկն է, նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեր սոցիալ-հոգեբանության և սոցիալ-մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ ինքը՝ որպես մի մարդ, որը բանակի «սրբագործման» հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանը բախվել, խորհուրդ է տալիս դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը: Նա դա համարեց երրորդ հանրապետության ընթացքում բոլորի գործած մեծագույն սխալը:
«Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը «սրբագործման» առարկա չպետք է լինի, որովհետև այդ «սրբագործումը» մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը և բանակի այն անկումը, որը ունեցել ենք երկար տարիներ: Նաև այդ «սրբագործման» հետևանքով մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին»,-ասաց նա: