Հետևեք մեզ։

Անկարելի է թերագնահատել հայագիտական կենտրոնների ավանդական դերակատարությունը պատմության կեղծման փորձերը չեզոքացնելու գործում. ՀՀ նախագահ

13:16, 14 նոյեմբեր 2024
Անկարելի է թերագնահատել հայագիտական կենտրոնների ավանդական դերակատարությունը պատմության կեղծման փորձերը չեզոքացնելու գործում. ՀՀ նախագահ

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ժնևի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որը գործում է 1974 թվականից, ներկայումս Եվրոպայի հազվագյուտ վայրերից է և միակն է Շվեյցարիայում, որտեղ ուսանողները կարող են հայոց լեզվի և գրականության ամբողջական վերապատրաստում անցնել՝ բակալավրիատից մինչև դոկտորական:

Միջոցառման մեկնարկին բացման խոսք է ասել հայագիտության ամբիոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարին:

Հանրապետության նախագահը, ողջունելով ներկաներին, հանդես է եկել ելույթով:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ նշելու Ժնևի համալսարանում գործող Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիսունամյա հոբելյանը։ Այս օրը ոչ միայն տոնելու առիթ է ընձեռում, այլև պատեհ հնարավորություն՝ գնահատելու անցած ճանապարհը և երախտիքի խոսքեր հղելու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր կրթամշակութային հաստատության ստեղծման և զարգացման գործում:

1974 թվականից Ժնևի համալսարանում գործող Հայագիտական հետազոտությունների կենտրոնի շնորհիվ 2007թ. համալսարանում հիմնադրվեց Շվեյցարիայում առաջին հայագիտության ամբիոնը՝ դառնալով հայոց լեզվի, մշակույթի և ժառանգության պահպանման ակնառու օջախներից մեկը։

Այսօր Հայագիտության հետազոտությունների կենտրոնը միավորում է հայոց լեզվով, գրականությամբ, մշակույթով ու ժառանգությամբ հետաքրքրված անձանց՝ անմասն չմնալով Ժնևի մշակութային կյանքից։ Այն յուրօրինակ կամուրջ է հանդիսանում Հայաստանի և Շվեյցարիայի հասարակությունների միջև՝ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը։

Օրվա խորհուրդը չի ավարտվում միայն ակադեմիական ամբիոնի հոբելյանի նշանավորմամբ։ Այսօր մենք վերստին գնահատում ենք հայկական տոկուն մշակույթը և հարուստ լեզուն ու գրականությունը, որոնք անցնելով հազարամյակների փորձություններով միահյուսվել են համաշխարհային մշակույթի հետ՝ միաժամանակ պահպանելով իրենց ինքնատիպ բնույթը։

Քրիստոնեության ընդունումից մինչև գրերի գյուտը, հայկական մշակույթի ոսկեդարից մինչև մեր օրեր՝ հայոց լեզուն և հայ մշակույթն անգնահատելի դերակատարություն են ունեցել հայոց պետականության կայացման և զարգացման գործում։

Այսօր անկարելի է թերագնահատել աշխարհի տարբեր անկյուններում գործող հայագիտական կենտրոնների ավանդական դերակատարությունը պատմության կեղծման փորձերը չեզոքացնելու, վտանգված մշակութային ժառանգության պահպանման և փաստագրման և այժմ արդեն՝ հայկական հարուստ ժառանգության թվայնացման գործում։ Այս կենտրոնները Հայաստանն ու հայ ժողովրդին ճանաչելի են դարձնում ամբողջ աշխարհի համար՝ թույլ տալով հայերենով ուսումնասիրել հայոց մշակույթն ու գրականությունը, համապարփակ գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն հայկական մշակույթի, այլև այլ մշակույթների մասին՝ հայալեզու աղբյուրներից։

Այսօր, երբ մշակութային համագործակցությունը մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է, ցանկանում եմ ընդգծել հայագիտական կառույցների համագործակցության կարևորությունը։ Այս հարցում կցանկանայի առանձնանշել Ժնևի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ամբիոնի ղեկավար տկն. Վալենտինա Կալցոլարիի ավանդն ինչպես կենտրոնի և ամբիոնի ստեղծման ու պահպանման, այնպես էլ տարբեր աշխարհամասերում գործող հայագիտական կենտրոնների միավորման հարցում:

Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել ուսանողների, հետազոտողների և պարզապես հայ մշակույթով հետաքրքրվողների համար։ Թույլ տվեք խորին երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն ամբիոնի կենսագործունեության հարցում՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, համալսարանի աշխատակիցներին և, իհարկե, ուսանողներին։ Ձեր ներդրումն ամբիոնի կայացման և զարգացման հարցում անգնահատելի է։ Այսօր ես ցանկանում եմ ոչ միայն գնահատել այս հիսուն տարիների ձեր աշխատանքը, այլև նայել դեպի ապագան՝ վստահ լինելով, որ գալիք սերունդները ևս հնարավորություն կունենան ուսումնասիրել հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայկական մշակույթը։

Շնորհավորում եմ բոլորիս արժանահիշատակ այս օրվա կապակցությամբ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ»: