Ես մեղավոր չեմ, որ 64 տարեկան եմ և ահագին կյանք եմ ապրել՝ սկսած 1995 թվականից և եկել հասել այս օրերին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում այսօր ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել էր, որ նա նախկինում անդամակցել է ՀՅԴ-ին։
Աղազարյանը նշել է՝ հնչակ, դաշնակցական, կոմունիստ, ռամկավար բաժանումներն իր համար անընդունելի են։
«Նրանք, ովքեր եղել են 100, 60 տարի առաջ, մերն են՝ իրենց լավ ու վատ արածով, այնպես չէ, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք՝ մեզ հարալե Նժդեհի ժառանգորդը, եթե գաղափարը ընդունելի է, Անդրանիկի ժառանգորդը, եթե գաղափարը մեզ համար ընդունելի է։
Երիտասարդները ցավ են ապրում, որովհետև պատմությունը նայում են 30 տարվա կտրվածքով, ես նայում եմ 130 տարվա կտրվածքով և գտնում եմ, որ այսօրվա իրականությունը այնժամանակ սկսված պայքարի իրականությունն էր մեր պատմական հայրենիքի մի հատվածում պետականություն ստեղծելու և ստեղծել ենք։
Երբ դուք հանդիմանում եք ինձ, որ ես մասնակից եմ եղել Անկախության հռչակագրի ընդունմանը և հիմա մի փոքր այլ դիրքերի վրա եմ, դե քաղաքական փորձառություն էինք ձեռք բերում, երիտասարդ տղա էինք։ Ես տեր եմ այդ հռչակագրին, բայց դրանից հետո տեղի է ունեցել Անկախության հանրաքվե։ Փոխադարձաբար շատ լավ գիտենք, թե ինչու են ինձ հեռացրել Դաշնակցությունից։ Հիմա, երբ պարոն Արթուր Խաչատրյանը անհանգստանում է, որ Կառավարությունը ձախողի, այն կգցեն իմ վրա, դա տեղի չի ունենա, որովհետև Կառավարությունը չի ձախողի»,- ասել է Աղազարյանը։