ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը:
Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման խնդրին` նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությունը:
«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակության ղեկավար Գրանտ Կասոավանյետեն իր հերթին նշել է՝ Հայաստանը կազմակերպության կարևոր և ակտիվ անդամներից է: Նա ընդգծել է՝ կազմակերպության հիմնական նպատակն է ապահովել որակյալ կրթության հասանելիություն յուրաքանչյուրի համար՝ անկախ սոցիալական, տնտեսական կամ աշխարհագրական պայմաններից։ Հանդիպմանը կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը կրթական բարեփոխումների գործում։
«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավը» կրթության ոլորտում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խոշորագույն կազմակերպություններից է, որին անդամակցում են բոլոր տարածաշրջանների շուրջ 120 երկրներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականից) և միջազգային կազմակերպություններ։ Այն հիմնադրվել է 1999 թվականին և համարվում է կրթության իրավունքների պաշտպանության ամենամեծ միջազգային ցանցերից մեկը։