«Ուսագի» թայֆունը հասել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը:
Թայֆունը ֆիլիպինյան արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի Կագայանի նահանգ է հասել ցերեկը։ Թայֆունի գոտում քամու առավելագույն արագությունը կազմել է 49 մ/վ։ Քամու պոռթկումները հասել են 66 մ/վ-ի։
Օդերևութաբանները նախազգուշացնում են տեղատարափների և սողանքների մասին։ Ափամերձ շրջաններում փոթորկալից ալիքների բարձրությունը կարող է հասնել երեք մետրի։
Նախօրյակին իշխանությունները տարհանել են ավելի քան 20 000 բնակչի։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ թայֆունը կշարունակի շարժվել հյուսիսարևմտյան ուղղությամբ, այնուհետև՝ դեպի Թայվան։
Վերջին երեք շաբաթվա ընթացքում «Ուսագի»-ն Ֆիլիպիններում մոլեգնող արդեն հինգերորդ թայֆունն է։
Այս շաբաթվա սկզբին Ֆիլիպիններին հարվածել էր «Տորաջի» թայֆունը: