Հետևեք մեզ։

Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյան

19:22, 14 նոյեմբեր 2024
Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովում:
 
 
Նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելն ու չկատարելը պետության իրավական հիմքերը խարխլելուն ուղղված ճանապարհ են, որն ընդունելի չէ Հայաստանի կառավարության համար: Սրբուհի Գալյանը նշել է՝ գործադիր իշխանությունն առաջնորդվում է Սահմանադրական դատարանի որոշումների հարգման սկզբունքով և այդ քաղաքականությունն անշեղելի է:
 
 
Եզրափակելով ելույթը՝ նախարարն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի դերի կարևորությունը հատկապես ընդգծվում է 2018թ.-ի «Թավշյա հեղափոխություն»-ից հետո Հայաստանում իրավական պետության կայացմանը նպաստող լայնածավալ բարեփոխումների իրականացման համատեքստում:
 
 
Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
 
 
«Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովը կազմակերպվել է Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համատեղ:
 
 
Համաժողովին ներկա են գտնվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալ, Նիդերլանդների Թագավորության Գերագույն դատարանի դատավոր Մարտին Քայերը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դատավորներ և այլ պաշտոնյաներ: