Հետևեք մեզ։

Այժմ  յուրաքանչյուրիս գործն է շարունակել տարածել տեղեկատվություն և պահանջել արդարություն. Գրետա Թունբերգ

19:50, 14 նոյեմբեր 2024
Այժմ  յուրաքանչյուրիս գործն է շարունակել տարածել տեղեկատվություն և պահանջել արդարություն. Գրետա Թունբերգ

Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

 

Նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

 

Գրետա Թունբերգը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 

Էդիտա Գզոյանը հյուրին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գրետա Թունբերգը մեծ հետաքրքրությամբ լսել է հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին:

 

Բնապահպան ակտիվիստը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարել թանգարանի մատյանում․

«Շնորհակալություն ձեր անգնահատելի աշխատանքի համար։ Այժմ  յուրաքանչյուրիս գործն է շարունակել տարածել տեղեկատվություն և պահանջել արդարություն։ Այլևս երբեք՝ բոլորի համար»:

 

 

Վերլուծական