Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:
ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու վերջինիս պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեմային եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Հունգարիայի ԱԺ շենքում եւ գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում: