Հետևեք մեզ։

Երկու կետերով այս իշխանությանը կներկայացվեն համապատասխան պահանջներ. Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվել է

21:53, 14 նոյեմբեր 2024
Երկու կետերով այս իշխանությանը կներկայացվեն համապատասխան պահանջներ. Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվել է

ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

 

«Պաշտպանյալս, Սուրիկ Հովհաննիսյանը, ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա–քաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս տնային կալանքում։

 

Այս շինծու մեղադրանքով հետապնդման հենց առաջին րոպեից հաստատապես պնդել եմ, որ այն ամբողջությամբ ապօրինի է, զուրկ է որևէ հիմքից և իրականացվողն ուղիղ քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է։

 

Այսօր դատախազն արդեն իր որոշմամբ հաստատեց պնդումներս և հիմք ընդունելով այն փաստը, որ պաշտպանյալս չի կատարել իրեն մեղասգրված հանցավոր արարքը՝ քրեական հետապնդումը դադարեցրեց։

 

1) Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն արդարացված մեղադրյալի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել նրանից:

 

2) Արդարացված մեղադրյալն իրավունք ունի պահանջելու անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի հատուցում:

Վերոգրյալ երկու կետերով այս իշխանությանը կներկայացվեն համապատասխան պահանջներ․․․»,-նշել է նա

Վերլուծական