Հետևեք մեզ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ

11:06, 15 նոյեմբեր 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ:

Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող զինված հակամարտություններին, զրուցակիցները կարևորել են բազմակողմանիության ամրապնդումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նախագահը զրուցակցին է ներկայացրել 2018թ. ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին:

Կողմերն ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների հաղթահարման ուղղությամբ միջազգային բարձր հեղինակություն ունեցող կազմակերպությունների և երկրների քաղաքական իշխանությունների կողմից ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում որակյալ կրթության ապահովման կարևորության վերաբերյալ։