Հետևեք մեզ։

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան ստորագրել են ՀՀ և ԵՆԲ միջև ֆինանսական պայմանագրի և ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները

15:19, 15 նոյեմբեր 2024
ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան ստորագրել են ՀՀ և ԵՆԲ միջև ֆինանսական պայմանագրի և ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները
Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի կողմից ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 236 մլն եվրո արժողությամբ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» ֆինանսական պայմանագրի և 10.1 մլն եվրո արժողությամբ «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները:
 
 
«Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» պայմանագրով ստացված վարկային միջոցներն ուղղվելու են Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման համաֆինանսավորմանը, որոնք հնարավորություն կտան կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը և կբարձրացվի հարմարավետությունը։
 
 
«Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի» նպատակն է նվազեցնել շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մոտ 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները