Գործադիրը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ գործողությունների ծրագիրը: Արդյունքում՝ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։
«Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախորդ նվաճումները, քաղված դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները, իրականացվել են ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս», – նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Նախարարը հավելել է, որ բարեփոխումների 2024-2026 թթ. շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նպատակներով՝ Ներքին գործերի նախարարության կայացում, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում։
Մանրամասները՝ www.police.am