Հետևեք մեզ։

Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր

22:00, 15 նոյեմբեր 2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։

 

«Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն իրականում նաև անվտանգ կլինի ծառայողների հետագա աշխատանքի և, առհասարակ, կյանքի և առողջության համար: Փոփոխությունները պրակտիկ իրագործելի են, և մենք կկարողանանք ապահովել ավելի լավ բժշկական զննության գործընթաց»,- ասել է Արփինե Սարգսյանը։

 

Նա ծառայողի առողջական վիճակին ներկայացվող պահանջների լավարկման գործընթացում ակտիվ ներգրավվածության և թիմային արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչության պետ Սուսաննա Մուրադյանին, Ոստիկանության բժշկական հանձնաժողովի անդամներին և ՆԳՆ անձնակազմին։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ սերտ համագործակցության և փորձագիտական աջակցության համար։ 

 

Ըստ աղբյուրի՝ փոփոխություններն առաջարկվել են հաշվի են առնելով վիճակագրական տվյալները, կլինիկական վերջին ուղեցույցները։ Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել վիրաբուժական, թերապևտիկ, նյարդային, աչքի և քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ցանկում։

 

Ըստ համապատասխան խմբերի՝ անդրադարձ է կատարվել հիվանդությունների կլինիկական պատկերին և պրակտիկ դրսևորումներին, ոլորտը կարգավորող իրավական ակտերը մերօրյա մարտահրավերներին ու բժշկական ոլորտի նոր ձեռքբերումներին համապատասխանեցնելու հարցերին։