Հետևեք մեզ։

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Շուշաննա Թովմասյանի եղբոր սպանության դեպքից

14:57, 16 նոյեմբեր 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Շուշաննա Թովմասյանի եղբոր սպանության դեպքից

2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն: 

 

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

 

Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:

 

Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:  

 

Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է:

 

Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի  շարք քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ում սպանվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբայրը։

Վերլուծական