Հետևեք մեզ։

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ

18:59, 16 նոյեմբեր 2024
Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանությունը Թբիլիսիում բերման է ենթարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցի 3 մասնակցի։ Այս մասին հաստատել են Վրաստանի ՆԳՆ-ում, գրում են վրացական լրատվամիջոցները։

 

Տեղեկացվել է, որ բերման ենթարկվածների մեջ մեկը Formula ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից ռեժիսոր Գեորգի Լիպոնավան է։ Մի քանի հարյուր մարդ փակել է ճանապարհը Ագմաշենեբելու ծառուղում Վրաստանի ԿԸՀ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո։

 

Ցուցարարները երթ են սկսել։ Ոստիկանությունը պահանջել է, որ նրանք ազատեն ճանապարհի մի մասը։ Ցուցարարների եւ ուժայինների միջեւ մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել։ Մի քանի մարդ տեղեկացրել է, որ վնասվածքներ է ստացել։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել։

 

Ցուցարարները դժգոհել են ՆԳՆ կոշտ գործողություններից։ Նրանց կարծիքով՝ նրանք այդպիսի ցուցում են ստացել ղեկավարությունից։ Այսօր ավելի վաղ ԿԸՀ գրասենյակի մոտ լրագրողները նկատել են Վրաստանի հատուկ ծառայությունների ղեկավար Զվիադ Խարազիշվիլուն։ Նա ԱՄՆ պատժամիջոցների տակ է խաղաղ ցույցերի բռնի ճնշումների պատճառով։

 

Ներկայում Ագմաշենեբելու ծառուղում ցուցարարների համեմատաբար ոչ մեծ խումբ է մնում։ Մեքենաների երթեւեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։ Վրաստանի ընդդիմությունը ազդարարել է բողոքի հաջորդ ակցիայի մասին՝ վաղը ժամը 19.00-ին խորհրդարանի շենքի մոտ։