Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի իր նախընտրական խոստումները, այդ թվում՝ չբորբոքել նոր հակամարտություններ և ավարտին հասցնել շարունակվողները: Այդ մասին նա հայտնել է A Haber-ի եթերում։
«Այն ժամանակ, երբ դեմոկրատներն էին իշխանության, մենք դարձանք Գազայում իսրայելական ցեղասպանության վկաներ։ Մենք ենթադրում ենք, որ հանրապետականների կառավարման շրջանում ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի հարցում վերջինիս համար որոշ բացասական իրադարձություններ տեղի կունենան։ Մենք հույս ունենք, որ պարոն Թրամփը կկատարի իր խոստումը, որն ամերիկյան ժողովրդին և համաշխարհային հանրությանը տրվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- հայտարարել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ չի սկսի նոր պատերազմներ ու դրանք կկանխարգելի։ «Հուսով ենք, որ նա առանձնահատուկ ուշադրություն կդարձնի պաղեստինյան խնդրին։ Եթե նա մտածի միայն Ուկրաինայի պատերազմի մասին և մոռանա պաղեստինյան հարցը, ապա տարածաշրջանում այլ բարդություններ կառաջանան։ Հատկապես մեծ վնասներ կկրեն Պաղեստինի հարևան երկրները»,- հավելել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ֆիդանը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին աջակցությունը զարմանալի չէ և բավականին սովորական է:
«Իսրայելի աջակցությունը անհրաժեշտություն է դարձել ամերիկյան քաղաքականության մեջ, հատկապես՝ Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Սա կարևոր է ամերիկյան ներքին քաղաքականության համար, որը տարիների ընթացքում իր ներսում այսպիսի հավասարակշռություն է ստեղծել։ Քաղաքական առումով ինչ-որ բանի հասնելու համար լավագույն ուղին Իսրայելին աջակցելն է և ինչ-որ պահի սիոնիստ դառնալը»,- թեման եզրափակել է Հաքան Ֆիդանը։