Հայաստանն այսօր ի զորու չէ արտադրել սեփական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներ, չնայած ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման բազմաթիվ ծրագրերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը` մեկնաբանելով Ազգային ժողովում ոլորտին վերաբերող բյուջետային քննարկումները։
Մեր զրուցակիցը նշեց, որ փաստացի 2024թ–ին ռազմարդյունաբերության ոլորտի ծախսերը 0 են եղել։ Այդ մասին է վկայում նաև կառավարության կայքում հրապարակված ինտերակտիվ բյուջեի կատարողականը։
Ըստ Քերոբյանի` 0-ն վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտում հատուկ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներին, որոնց համար 2024թ–ի բյուջեով նախատեսված էր 6.8 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ–ը, կառավարության որոշմամբ, սեպտեմբերին վերադարձվել է պահուստային ֆոնդ և վերաբաշխվել այլ ծրագրերի համար։