Հետևեք մեզ։

Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր

11:28, 18 նոյեմբեր 2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր
 
 
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 14-ին ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։
 
Ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։
 
«Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն իրականում նաև անվտանգ կլինի ծառայողների հետագա աշխատանքի և, առհասարակ, կյանքի և առողջության համար: Փոփոխությունները պրակտիկ իրագործելի են և մենք կկարողանանք ապահովել ավելի լավ բժշկական զննության գործընթաց»,-ասել է Արփինե Սարգսյանը։
 
Արփինե Սարգսյանը ծառայողի առողջական վիճակին ներկայացվող պահանջների լավարկման գործընթացում ակտիվ ներգրավվածության և թիմային արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչության պետ Սուսաննա Մուրադյանին, Ոստիկանության բժշկական հանձնաժողովի անդամներին և ՆԳՆ անձնակազմին։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԶԾ գործընկերներին՝ սերտ համագործակցության և փորձագիտական աջակցության համար։
 
Փոփոխություններն առաջարկվել են հաշվի առնելով վիճակագրական տվյալները, կլինիկական վերջին ուղեցույցները։ Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել վիրաբուժական, թերապևտիկ, նյարդային, աչքի և ԼՕՌ հիվանդությունների ցանկում։
 
Ըստ համապատասխան խմբերի՝ անդրադարձ է կատարվել հիվանդությունների կլինիկական պատկերին և պրակտիկ դրսևորումներին, ոլորտը կարգավորող իրավական ակտերը մերօրյա մարտահրավերներին ու բժշկական ոլորտի նոր ձեռքբերումներին համապատասխանեցնելու հարցերին։

Վերլուծական