Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստ

16:20, 18 նոյեմբեր 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներառված է եղել 2025թ. Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման հարցը: Զեկուցվել է, որ ստացված հայտերն ամփոփվել են և կազմվել է նախագիծ: Ծավալված քննարկման արդյունքում խորհրդի անդամները հաստատել են նախագիծը:

Հանդիպմանը քննարկվել է նաև ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի նոր տարածքի տրամադրման հարցը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում կազմակերպել նոր տարածք տեղափոխման հարցը:

Նիստում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված ընթացիկ այլ հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները հարցերի լուծման ուղղությամբ:

Արայիկ Հարությունյանը կարևորել է անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ ազգային փոքրամասնությունների ընթացիկ խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ: