Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին ուրախացնում է, որ ԲԴԽ-ն համալրվել է նոր անդամներով, որովհետև «նոր, թարմ մասնագիտական գիտելիքներ են մտնում այդ մարմին և իրենց դիրքորոշումը պաշտպանելու, այնտեղ հաղթելու կամ պարտվելու շրջանակներում միայն ողջունելի են»։
Այս մասին նա ասաց Hayastan.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այն հարցին, թե ԲԴԽ-ում որոշակիորեն «ընդդիմադիր հայացքներ» ունեցող դատավոր է հայտնվել` Արշակ Վարդանյանը, որի շնորհիվ, կարծում են, ԲԴԽ որոշումները, հատկապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում, ոչ միաձայն կանցնեն, Մինասյանն ասաց․ «Մի քանի օր առաջ միաձայն մի քանի հարց նորից քվեարկել են։ Այսինքն՝ չկա նման մոտեցում, սխալ է»։
Անդրադառնալով իր և ԲԴԽ նախագահ, իր ընկեր Կարեն Անդրեասյանի՝ տանդեմով անցանկալի դատավորներին, այդ թվում իրենց թույլ տված հայտարարությունների պատճառով կարգապահական վարույթներ հարուցելուն, Գրիգոր Մինասյանն ասաց, թե նման բան չկա, ապա ավելացրեց․ «Ես բոլոր մեր քաղաքացիների իրավունքներն եմ հավաքագրում, գույքագրում, և եթե կա ռեալ խախտում, տանում եմ Բարձրագույն դատական խորհուրդ՝ անկախ նրանից, թե ով է դիմումատուն, Վահե Մակարյանը, թե մեկ այլ մեր քաղաքացի, ում իրավունքները խախտված են։ Ինչ վերաբերում է այն դատավորներին, որոնց նկատմամբ իրենց արտահայտությունների հետ կապված են կարգապահական վարույթ հարուցվում, դա իմ որոշելիք հարցը չէ, այլ օրենքով ամրագրված է, որ դատավորն իրավունք չունի միջամտել այլ դատական որոշումներին կամ քննադատել այլ դատավորի, այլ դատարանի կայացրած ակտը։ Ու դա համընդհանուր սկզբունք է»։
Նա անդրադարձավ նաև ԴԱՀԿ ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Արսեն Մնացականյանին նշանակելու և որպես հին ու պրոֆեսիոնալ կադր ներկայացնելու հանգամանքին։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ