Հետևեք մեզ։

Վրացական ընդդիմությունը շուրջօրյա բողոքի ցույցեր է սկսել, իսկ վարչապետ Կոբախիձեն կառավարություն է ձեւավորում

21:15, 18 նոյեմբեր 2024
Վրացական ընդդիմությունը շուրջօրյա բողոքի ցույցեր է սկսել, իսկ վարչապետ Կոբախիձեն կառավարություն է ձեւավորում

Վրացական ընդդիմությունն ու նրա կողմնակիցները շուրջօրյա բողոքի ցույցեր են սկսել Թբիլիսիի փողոցներում՝ պահանջելով խորհրդարանի նոր ընտրության անցկացում։ Նրանք փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ խոստանալով մնալ այնտեղ՝ մինչև իրենց պահանջների կատարումը։

 

Ցուցարարները  իշխանություններին մեղադրում են խարդախության մեջ եւ չեն ընդունում վերջին քվեարկության արդյունքները։

 

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է մեղադրանքները։ Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ  նոյեմբերի 25-ին խորհրդարան կներկայացվի կառավարության կազմը՝ վստահության քվե ստանալու համար։

 

Այդ առնչությամբ վարչապետը բոլոր նախարարություններին խնդրել է սկսել աշխատանքը կառավարության ծրագրի վերջնական հստակեցման ուղղությամբ։ Կոբախիձեն նշել է, որ խորհրդարանին կներկայացվեն ինչպես կառավարության, այնպես էլ քառամյա ծրագրեր։

 

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: