Հետևեք մեզ։

Աբխազիայում ընդդիմությունն ու կառավարությունը սկսում են բանակցությունները

21:53, 18 նոյեմբեր 2024
Աբխազիայում  ընդդիմությունն  ու կառավարությունը սկսում են բանակցությունները

Աբխազիայում կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի միջնորդությամբ սկսում են բանակցությունները ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, բանակցությունները տեղի կունենան պաշտպանության նախարարության տարածքում։

 

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ բանակցություններին մասնակցում են նաև Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գյունբան, Մաքսային պետական ​​կոմիտեի նախագահ Օթար Խեցիան, Ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի ղեկավար Լևան Միկաան, պատգամավոր Կան Կվարչիան, ժողովրդական շարժման ու հասարակական գործիչներ։

 

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։ 

 

Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև հանրապետության փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգեց։ 

 

Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահի հրաժարականը։ 

 

Նախագահ Ասլան Բժանիան ընդդիմության գործողությունները գնահատել է որպես պետական հեղաշրջման փորձ և կոչ արել բնակչությանը չտրվել սադրանքներին։