Հետևեք մեզ։

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարարը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները

23:38, 18 նոյեմբեր 2024
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարարը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները
Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ։ Այդ մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում։
 
 
«Դեսպան Մկրտչյանը կարևորեց մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվեցին մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։
 
 
Տիկին Մենդոնին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին այցելության համար և նշեց, որ պայմանագրերը կարևոր հիմք են երկկողմ համագործակցությունը խթանելու համար և այդ առումով առաջիկայում նոր քայլեր կձեռնարկվեն։
 
 
Համարելով Հայաստանը բարեկամ երկիր՝ հույն պաշտոնյան կարևորեց նմանատիպ շփումների հաճախակիությունը և շարունակական կապի մեջ լինելու կարևորությունը՝ փոխադարձ միջոցառումների մասնակցության, ինչպես նաև կազմակերպման միջոցով։ Անդրադարձ եղավ առաջիկայում փոխադարձ այցերի միջոցով մշակութային բնագավառում համագործակցությանն ընթացք տալուն։
 
 
Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները։ Նախարար Մենդոնին ընդգծեց մշակույթի կարևոր դերակատարությունը ինչպես Հունաստանի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության համատեքստում»,- նշված է գրառման մեջ: