Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ ընտրություններում քվեարկության գաղտնիության և համընդհանուրության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ճեպազրույցի ընթացքում։
«Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան հենց այդ երկու սահմանադրական սկզբունքների խախտման պատճառով, որոնք կոչվում են գաղտնիություն և համընդհանուրություն։
Սա ոչ թե այն պատճառով, որ ես հավատում եմ ՍԴ-ին, մենք բոլորս արդեն գիտենք, որ այս երկրում ոչ մի կառույց այլևս անկախ չէ, և մենք արդեն բազմիցս ստացել ենք դրա ապացույցը, բայց դա պետք է նշան լինի, որ երկրում իրավական վեճ չպետք է բաց թողնվի այնպես, որ դա մինչև վերջ չփորձենք ու փորձարկենք... և իմ դատի նպատակը նաև սա է՝ մինչև վերջ փորձարկել այն դատավորների խիղճը, ովքեր իրենք են որոշում՝ ինչպիսի երկիր եմ ուզում, ում հետ եմ ուզում այս երկիրը լինի և ուր պետք է գնա այս երկիրը։ Դրանց պատասխանը ոչ պակաս կարևոր կլինի։
Ես ուզում եմ նրանց մաղթել և ուզում եմ ինքներս մեզ մաղթել, որ այս Սահմանադրական դատարանում լինեն գոնե մի քանի դատավորներ, ովքեր, ինչպես արդեն ցույց է տվել մեկ դատավոր, կարողանան ցույց տալ, որ մենք այս երկրում արժանապատիվ դատավորներ ունենք», -ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Ճեպազրույցում նախագահն ասել է, որ խորհրդարանական ընտրությունները չեն կարող համարվել կայացած և լեգիտիմ, քանի որ խախտվել են նշված երկու հիմնական սկզբունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին լուծումը տեսնում է նոր ընտրությունների անցկացման մեջ։