Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական են տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը։
Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը նույնպես հրաժարական է տալիս։
Ըստ Արձինբայի՝ նախագահի պաշտոնակատար կդառնա փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ վարչապետի պաշտոնակատար՝ նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Վալերի Բգանբան։
Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ընդդիմության և իշխանությունների միջև ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո Սուխումի կառավարական շենքերի համալիրում նոյեմբերի 15-ից գտնվող ցուցարարները սկսել են հեռանալ։
Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան հայտարարել է, որ երկրում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ։
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։ Ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի կրկնական գումարում հարցի լիակատար բացառման համար, ինչպես նաև նախագահի հրաժարականը։