Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և տասը ուղևորություններով տոմսային փաթեթներին:
«Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը կլինի անվճար, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20 տոկոս մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, կենսաթոշակառուների համար կլինի 30 տոկոս զեղչ, ուսանողների համար՝ անկախ հաշվառման վայրից, կլինի 15 տոկոս զեղչ, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողների համար՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կամ երկրորդ խմբի ներկայացուցիչների համար ևս կլինի անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, այսինքն՝ «Փարոս»-ի շահառու են, կլինի 20 տոկոս զեղչ։ Նախկին ԽՍՀՄ հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, սոցիալիստական աշխատանքի հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար ևս հանրային տրանսպորտով երթևեկելը կլինի անվճար։ Բազմազավակ ընտանիքների ծնողների, այսինքն՝ չորս և ավելի երեխաներ ունեցողների համար նույնպես տրանսպորտը կլինի անվճար»,-ասաց նա։
Գրիգորյանն ընդգծեց՝ փոփոխվող սակագնի պայմաններում նախագիծը գլխավորապես ուղղված է այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն:
2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը։ Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր: