Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վճռական անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնում Հայաստանի իշխող վարչախմբի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, որի շարունակական ապազգային դրսևորումները վերջերս նոր բացահայտումներ են արձանագրել:
Բառախաղերի և նենգափոխված թեզերի միջոցով իշխող կուսակցության գլխավոր դերակատարները ձեռնամուխ են եղել հայկական ինքնության և հայկական պետականության ոչնչացման գործընթացին՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը, այսպիսով հող նախապատրաստելով ազգովի ընդունելու վերջիններիս կողմից պարտադրվող «խաղաղությունը»:
Գործող իշխանություններն ակնհայտորեն ոչնչացնում են ազգային հենասյուները, քանդում են Հայաստանի անվտանգային համակարգը, անթաքույց քայլեր են ձեռնարկում չեզոքացնելու Անկախության հռչակագրի առանցքային դրույթները: Դաշտ է նետվում այսպես կոչված «ռազմավարական գործարք»
բովանդակազուրկ և անհիմն տեսլականը՝ պատրաստվելով նորանոր զիջումների: Կայացվում են որոշումներ, որոնք միտված են ջնջելու հայկական պատմական հիշողությունը և վերաձևելու հայի արժեքային համակարգը:
Պատմական Հայաստանին հակադրվում է հնարովի «իրական Հայաստանը», հրաժարվում են հազարամյա ազգային խորհրդանիշներից՝ Արարատը փոխարինելով Արագածով, Հայոց պատմությունը փոխարինելով «Հայաստանի պատմությամբ», նսեմացնելով Հայ եկեղեցու ազգապահպան դերը և նրա պատմությունը դուրս մղելով դպրոցական ծրագրերից, օտարածին ու օտարամոլ նյութերի ներմուծմամբ ձեռնամուխ են եղել ազգային
մտածողությունից և նկրտումներից զուրկ կամակատար սերնդի դաստիարակմանը:
Հրաժարվելով արցախահայերի ինքնորոշման իրավունքի համար պայքարից, իսկ 2022թ.-ին միայնակ թողնելով և բացահայտորեն Արցախը հանձնելով նրա ոչնչացումը երազող Ադրբեջանին, այս իշխանությունն արագորեն խնդիրը դուրս է մղել արտաքին քաղաքական օրակարգից, վերացրել է Արցախի վերաբերյալ ողջ
տեղեկատվությունը պետական գերատեսչությունների կայքէջերից: Ներկայումս էլ լծվել է ընդհանրապես Արցախի խնդիրը մոռացության տալու գործընթացին՝ դրանով իսկ մաքրագործելով ցեղասպան Ադրբեջանին իր հանցագործությունից:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ՀՀ ԱԺ-ում վերջին հայտարարություններն ակնառու վկայությունն են ազգային շահերն ամեն քայլափոխի ստորադասող ու թուրք-ադրբեջանական նախապայմանների անշեղ կատարմանը լծված այս վարչախմբի հակապետական հանձնառությունների, որոնք կործանարար հետևանքներ են ունենալու ոչ միայն հայկական պետականության, այլև հայ ժողովրդի՝ իր հայրենիքում որպես ինքնուրույն քաղաքական միավորի անվտանգ գոյության համար:
Մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործությունը «պատմության ողբերգական անցքեր» որակելը, «1,5մլն. նահատակներին անուն-առ-անուն գրելը», խնդիրը բացառապես սփյուռքյան տիրույթում դիտարկելը միանգամայն տեղավորվում են տասնամյակներ շարունակ մերժողական քաղաքականություն վարող
թուրքական պաշտոնական խոսույթի տրամաբանության մեջ: Ինչպես ճշգրտորեն բնորոշվել էր ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի կողմից, այս վարչախումբը և նրա պարագլուխը ոչ բացահայտ կերպով միացել են Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացին:
Ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իբրև թե ջանքեր գործադրող կառավարությունը բացարձակ լռության է մատնել Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանական գործողությունները՝ մշակութային ջարդի և հայկական հետքը Արցախից ջնջելու միջոցով: Սեփական ժողովրդի հանդեպ գործված մեկդարյա հնության ոճրագործությունն ուրացող, դրա ճանաչումից, դատապարտումից ու իրավատիրությունից հրաժարվող, միայն մեկ տարի առաջ արցախահայերին ցեղասպանության ենթարկած պետությանը չդատապարտող այս իշխանության կեղծավոր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման առումով, չի կարող լրջորեն ընդունվել, ընկալվել և վստահություն վայելել միջազգային հանրության կողմից:
Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնագիտական հանրույթներին և հայ ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում աներկբայորեն դատապարտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ու արցախահայության ինքնորոշման իրավունքից հրաժարված, Հայաստանի լիակատար
կապիտուլյացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին և նրա կողմից տարվող քաղաքականությունը, բոլոր հնարավոր միջոցներով ընդդիմանալ ազգային ինքնության ոչնչացմանը և համախմբվել հանուն Հայաստանը հային վերադարձնելու, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության ու Հայոց արդար դատի հետապնդման: Ուրացողն ու ժխտողը չի կարող իրական խաղաղության և արդար դատի ջահակիրը լինել»։