Հետևեք մեզ։

Իրավիճակը անհասկանալի է և ցավալի․ Ըմբշամարտի ֆեդերացիան՝ Բանակայինների աշխարհի առաջնությանը հայտնի ըմբիշների չներգրավման մասին

14:57, 19 նոյեմբեր 2024
Իրավիճակը անհասկանալի է և ցավալի․ Ըմբշամարտի ֆեդերացիան՝ Բանակայինների աշխարհի առաջնությանը հայտնի ըմբիշների չներգրավման մասին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ժամկետային զինծառայող ըմբիշներին Բանակայինների աշխարհի առաջնությունում չներառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել։

 

«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերը ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո։ 

Ընթացիկ իրավիճակը, որտեղ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ, մեզ համար ևս մնում է անհասկանալի, քանի որ այդ որոշման հիմքերը չեն ներկայացվել ՀԸՖ-ին։ 

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում ընդգծել, որ մեր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանը, նույնպիսի նվիրումով են պայքարում հանուն մեր երկրի պատվի ու եռագույնի: Նրանք, լինելով ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայողներ, պարտավոր են ենթարկվել իրենց սպայական կազմի որոշումներին և ցուցումներին։ 

Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել այս մրցաշարում, սակայն ակնկալում ենք, որ մեր բոլոր ըմբիշները, անկախ իրենց փորձառությունից կամ անցած ճանապարհից, արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանը: Նրանք դուրս կգան մրցահարթակ ոչ միայն իրենց, այլ նաև Հայաստանի պատիվը բարձր պահելու համար՝ մարզիչների անմիջական աջակցությամբ։ 

Ինչ վերաբերում է մեր մարզիչներին, ապա նրանց դերը մեր մարզիկների կյանքի և կարիերայի մեջ անգնահատելի է։ Նրանք, ծնողի պես, տարիներ շարունակ նվիրումով կրթել են ու աջակցել իրենց սաներին՝ դարձնելով նրանց այնպիսի մարզիկներ, որոնք պատվով ներկայացնում են մեր երկիրը։

Այս պատասխանատու պահին մարզիչները չեն կարող միայնակ թողնել իրենց սաներին՝ անկախ ստեղծված իրավիճակից: Նրանք մշտապես եղել են ու կլինեն իրենց կողքին՝ որպես ոգեշնչման, ուղեցույցի և աջակցության անփոխարինելի աղբյուր։


Մարզիչների նվիրվածությունն ու հոգատարությունը ոչ միայն սպորտային հաջողությունների, այլև մեր ազգային արժեքների և պատվի պահպանման հիմնասյունն են։

Ուստի հորդորում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել մեր մարզիկներին և մարզիչներին։ Մեր բոլոր ըմբիշները անում են առավելագույնը՝ կատարելով իրենց մասնագիտական պարտքը ի պատիվ Հայաստանի Հանրապետության: 

Շնորհակալություն ձեր ըմբռնման և աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Վերլուծական