ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի այսօրվա դատավճռով արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ալենի պես հարյուրավոր արցախցիներ, որոնք որևէ պատճառով երբևէ հաշվառվել են Հայաստանում, այժմ շարունակում են լինել ապօրինի քրեական վարույթների զոհ, անհարկի հետախուզվում և անգամ արտերկրից արտաքսվում Հայաստան։
Բայց և այնպես, պետք է արձանագրել, որ հենց Հայաստանի իշխանությունն է մեզ օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցողներ համարել, իսկ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցողը ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտականություն չի կրում։
Եվ քանի որ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն զինծառայողը, իսկ զինծառայող էլ՝ բացառապես ՀՀ քաղաքացին, հետևաբար զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվող ցանկացած արցախցու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում ապօրինի է»։