Հետևեք մեզ։

Լատվիայի նվիրվածությունը միջազգային խաղաղությանը օրինակելի են բոլորիս համար․ ԿԳՄՍ փոխնախարար

15:56, 20 նոյեմբեր 2024
Լատվիայի նվիրվածությունը միջազգային խաղաղությանը օրինակելի են բոլորիս համար․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետության ազգային տոնին՝ Անկախության հռչակման օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մերնեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, պաշտոնատար անձինք:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բարեկամ Լատվիային ազգային տոնի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սա լավ առիթ է ընդգծելու Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների հիմքում ընկած ջերմ բարեկամական կապերն ու ընդհանրական արժեքները, որոնք երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության գրավականն են:

«Հայաստանը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության առավել խորացման համար՝ հաշվի առնելով մեր հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Խորապես համոզված եմ, որ ապագայում ևս համատեղ ջանքերով կպահպանենք Հայաստանի և Լատվիայի հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Լատվիան այսօր կարևոր դեր է խաղում եվրոպական ընտանիքում՝ լինելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և տարածաշրջանային անվտանգության ամուր պաշտպան: Լատվիայի նվիրվածությունը միջազգային խաղաղությանն ու կայունությանն օրինակելի են բոլորիս համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և խաղաղության, առաջընթացի և բարգավաճման լավագույն մաղթանքները հղել բարեկամ Լատվիային:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ համատեղ ջանքերով կշարունակեն զարգացնել միջպետական հարաբերությունները՝ ի բարօրություն հայ և լատվիացի ժողովուրդների: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նաև երկու երկրներում պատվո հյուպատոսների կարևոր դերակատարությունը։

ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մերնեն ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մասնակցության համար: Կարևորելով Հայաստանի հետ համագործակցությունն ու ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը փոխանցել է Լատվիայի կառավարության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և տարբեր գործընթացներում աջակցության տեսանկյունից:

Վերլուծական