Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի «Պզո» մականվամբ հայտնի, «օրենքով գող» համարվող՝ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանի արդարացման վճռի դեմ:
«Արմենպրես»–ին այս մասին տեղեկացրին Դատախազությունից:
Ավելի վաղ Արմեն Ղազարյանի փաստաբանը հայտնել էր, որ Ղազարյանի նկատմամբ դատարանը արդարացման վճիռ է կայացրել:
2022 թվականին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Արմեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս–Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով):
2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Ա.Ղ.-ն Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արմեն Ղազարյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:
Ղազարյանի նկատմամբ կիրառվել էին համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և 20 մլն դրամի չափով գրավ: