Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 20-ին ողջույնի խոսքով է հանդես եկել «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ Արդյո՞ք հաղթահարվում է անպատժելիությունը» թեմայով համաժողովին:
Համաժողովի նպատակն էր անդրադառնալ խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին, առկա իրավիճակին և պետության ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։
«Առկա խնդիրների մասին խոսել, չի նշանակում մերժել այն գաղափարը, որ այս բնագավառում տեղի են ունեցել տարատեսակ փոփոխություններ, որոնք նպաստել են ոլորտը կատարելագործելուն: Միևնույն ժամանակ, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման նպատակով պետությունը պետք է թիրախավորված, պրոֆեսիոնալ և ակտիվ աշխատանք իրականացնի: Կարևոր է ինչպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործումը, այնպես էլ նշված գործերի պատշաճ և արդյունավետ քննությունը»,- ասել է Պաշտպանը:
Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանն ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության կարևորությունը` ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու հարցում։
«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը:
Ողջույնի խոսքով են հանդես եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը: Մասնակցել են պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ:
Համաժողովին որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, ով անդրադարձել է ինչպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների արդյունավետ քննությանը, այնպես էլ Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից նախորդ տարվա ընթացքում մշտադիտարկման այցերի արդյունքում ամփոփված 382 առաջարկների կատարման ընթացքին:
«2024 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով նախաձեռնված է եղել 236 քրեական վարույթ։ Այս պահին քննվում է 307 վարույթ, որից 130-ն այս տարվա ընթացքում կարճվել է, 2 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել 2 վարույթ», - ընդգծել ՄԻՊ ներկայացուցիչը:
Լաուրա Գասպարյանը նշել է, որ այդ ցուցանիշների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ մտահոգություն է հայտնում:
Համաժողովը տեղի է ունեցել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ: