Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխություններին՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաներին և հաջողություն մաղթելով նորանշանակներին։
«Տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, և ես նախ ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար։ Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մասին է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ նախարարություններում արդեն ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։ Վարչապետը շնորհավորեց նրանց պաշտոնները ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ։
«Այսօր առավոտյան արդեն նախարարությունում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն կառավարության նիստին մասնակցում են։ Շնորհավորում եմ նրանց և հաջողություններ եմ մաղթում։ Նաև կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու առիթով և հաջողություն եմ մաղթում»,- նշեց վարչապետը։